Մուտք
ՀայերենРусскийEnglish
Էմմա Պողոսովա PDF Տպել Էլ.փոստ

Վերջին տարիներին Հայաստանում սուսերամարտն իբրև մարզաձև վերելք է ապրում: Տեխնիկապես և տակտիկապես բավական բարդ այս մարզաձևը ֆիզիկականից զատ նաև մտավոր ընդունակություններ է պահանջում՝ նմանվելով շախմատին: Ճարպկություն, ճկունություն, ազնվություն, արագ կողմնորոշվելու հմտություն` սրանք են որակյալ սուսերամարտիկին բնորոշ հատկությունները:  Բյուրեղավանի սուսերամարտի դպրոցում իրենց մարզումներն են անցկացնում բազմաթիվ մարզիկներ-մարզուհիներ: Նրանցից մեկը 17-ամյա բյուրեղավանցի Էմմա Պողոսովան է, ով տասը տարեկանից զբաղվում է այս մարզաձևով: Մանուկ հասակից ցանկացել է զբաղվել որևէ սպորտաձևով, իսկ սուսերամարտն ընտրել է պատահական. « Մեր դպրոց մարզիչներ եկան և ասացին, որ քաղաքում բացվում է սուսերամարտի դպրոց, որտեղ երեխաներ են հավաքագրում: Ես ծնողներիս խնդրեցի, որ ինձ անպայման սպորտի տանեն և չասեն, որ տասը տարեկան եմ, քանի որ հավաքագրումը 11 տարեկանից էր: Եվ բախտս բերեց՝ ինձ ընդունեցին».-պատմում է երիտասարդ մարզիկը: Էմման ծնվել է 1997թ-ի մարտի 7-ին ՌԴ Նալչիկ քաղաքում: Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվում է Բյուրեղավան և հաստատվում այստեղ:  2002թ-ին ընդունվում է 2-րդ դպրոց, 9 տարի այնտեղ սովորելուց հետո տեղափոխվում ավագ դպրոց:  Ակզբնական շրջանում սուսերամարտի դպրոցում, ակումբի առաջնությանը 3 տարի անընդմեջ զբաղեցնում է 3-րդ տեղը: Էմման իր առջև խնդիր է դնում հասնել բարձունքների և 2010-ին Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությանը արժանանում է 1-ին կարգի մրցանակի: Նրա մարզիչ Արտաշես Մադոյանը, ով հանդիսանում է  սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մշտապես Էմմայի կողքին է և իր խորհուրդներով քաջալերում է մարզիկին: Էմմա Պողոսովան 2011-ին մասնակցել է երիտասարդական մրցաշարին և դարձել Հայաստանի չեմպիոն: Առաջին անգամ Վրաստանում մասնակցում է միջազգային մրցաշարի և ոչ մի տեղ չի զբաղեցնում, սակայն մեծ փորձ է ձեռք բերում: 2012-2014թթ. Բաթումի և Քութաիսի քաղաքներում, միջազգային մրցաշարերում պատվով է ներկայացնում Հայաստանը և այլ երկրների դրոշների կողքին բարձրանում է նաև մեր եռագույնը: 2013-ին Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կազմակերպված միջազգային առաջնությանը Էմման դառնում է  Հայաստանի հնգակի չեմպիոն: Նույն թվականի դեկտեմբերի 11-ին նա արժանանում է սպորտի վարպետի կոչմանը: «Շատ եմ մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն փորձի պակասի պատճառով բարձր արդյունքներ չեմ գրանցել: Օրինակ՝ այս տարի Կոպենհագենում կայացավ աշխարհի գավաթի առաջնություն, որին ներկայացել էին 124 մասնակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից:  Ես ներկայացրեցի  Հայաստանը և գրավեցի 12–րդ տեղը»-byureghavan. am-ի հետ հանդիպմանը նշեց Էմման: Այժմ նա Երևանի պետական ֆիզկուլտուրայի համալսարանի սուսերամարտի ֆակուլտետի ուսանող է, սակայն նպատակ ունի դառնալ սպորտային հոգեբան, ասում է. «Ցանկություն ունեմ 2-րդ կուրսից փոխել ֆակուլտետս և ուսումնասիրել մարզիկների հոգեբանությունը, մտնել նրանց ներաշխարհի մեջ»: Մեր հերոսը առաջիկայում դեռ շատ անելիք ունի`պատրաստվում է միջազգային մրցաշարերի, 2015թ-ին մասնակցելու է Սլովակիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս տարի վերջին զանգի օրը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից արժանացել է պատվոգրի՝ սպորտում բարձր արդյունքներ ունենալու համար: Էմման խոցասուսերակիր է և նվիրյալն է իր սիրելի սպորտաձևին: Ունի 30 մեդալ, 10 գավաթ, 50 դիպլոմ ու պատվոգիր: Էմմային  մաղթում ենք նորանոր հաջողություններ և հուսով ենք, որ մեր երկիրն ու քաղաքն առաջիկայում ևս պատվով կներկայացնի բազմաթիվ մրցաշարերում:

 

Այցելություններ

4330051
Այսօր298
Երեկ1434
Այս շաբաթ1732
Այս ամիս30006
Ընդամենը4330051