Մայիսի 27-ին հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը: Նախորդ տարիների համեմատ, սահմանին տեղի ունեցած ապրիլյան առճակատումների ազդեցության տակ, այն այս տարի անցկացվեց շատ ավելի կազմակերպված, խորհրդանշական ու հայրենասիրական տրամադրություններով: Հանդիսավոր միջոցառումներին ներկա էր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին: Քաղաքապետը սկզբում այցելեց Սամվել Վարդանյանի անվան ավագ, այնուհետև հիմնական դպրոցներ: Այս տարի ավագ դպրոցի շրջանավարտների թիվը՝ 39 էր: Մինչ միջոցառման սկսելը դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել քառօրյա պատերազմում զոհված քաջ հայորդիների հիշատակը: Անդրադառնալով օրվա խորհրդին տիկին Խաչիկյանը դիմեց շրջանավարտներին.- <<Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք նոր կյանք եք մտնում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Մեր շրջանավարտներից 12-ը տղաներ են, նրանք մեր վաղվա զինվորներն են, հերոս է նրանցից յուրաքանչյուրը: Այս գեղեցիկ օրվա առթիվ բոլորիդ մաղթում եմ հաջողությունների հարահար շղթա: Բոլորիդ բարի երթ>>: Դպրոցի տնօրենը նշեց, որ քաղաքապետն այս դպրոցի լավագույն բարեկամն է: Քաղաքապետ Հակոբ Բալասյանն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս դատարկաձեռն չէր՝ 12-երորդցիներին անձամբ հանձնեց գումար` իրենց տոնական հանդիսությունը հավուր պատշաճի նշելու համար: Ավարտական դասարանների դասղեկներ Նվարդ Եղիազարյանը և Արմիկ Հարությունյանը քաղաքապետից ստացան շնորհակալագրեր՝ մանկավարժական երկարամյա և արգասաբեր աշխատանքի համար: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին` Հ. Բալասյանը նրանց մաղթեց կանաչ ճանապարհ և ամենայն բարիք կյանքի նոր փուլում.- << Օրը յուրովի առիթ է ի մի բերելու և ամփոփելու հարազատ կրթօջախում ապրած ձեր բարի ու լավ հուշերը: Ու թեև պահը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն սկիզբն է նոր հեռանկարների և նոր հորիզոնների: Վերջին ամիսներին Արցախում և Հայաստանի սահմանամերձ գոտում հայ զինվորների անասելի սխրանքներն ապացուցեցին, որ մեր երկրի ապագան՝ հանձինս մեր երիտասարդների, հուսալի ձեռքերում է: Անկասկած, դուք լինելու եք նրանց արժանի փոխարինողները: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի պատիվը>>: Հ. Բալասյանը երախտիքի խոսք հղեց մանկավարժներին` ևս մեկ սերունդ կրթելու, ինչպես նաև ծնողներին` նման հրաշալի երեխաներ դաստիարակելու համար: Միջոցառումն ուղեկցվեց երգ-երաժշտությամբ, մանրապատումներով և ընդունվեց բուռն ծափողջույններով: Ամբողջական ծրագիրն ավագ դպրոցում դիտելուց հետո համայնքի ղեկավարը շտապեց հիմնական դպրոց` մասնակցելու 9-երորդցիների վերջին զանգի արարողությանը: Այստեղ ևս տոնական տրամադրություն էր տիրում: Վերջին զանգի ղողանջներով ազդարարվեց նոր կյանքի սկիզբը: Շրջանավարտները ջերմ ու հուզիչ խոսքերով հրաժեշտ տվեցին սիրելի ուսուցիչներին ու կրթօջախին: Հիմնական դպրովի տնօրեն Մերի Սարգսյանը ողջունելով քաղաքապետին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար: <<Շնորհակալ ենք բոլորին, մանկավարժներին, ծնողներին: Մեր դպրոցի շրջանավարտներին բարի ու կանաչ ճանապարհ եմ մաղթում: Վստահեցնում եմ, որ նրանք շատ լավ քաղաքացիներ են լինելու: Այսօր մեր դպրոցի շրջանավարտներից մի քանիսը ժամկետային զինծառայողներ և սպաներ են, նրանք սահմանում կանգնած մեր անդորրն են պաշտպանում: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր ուսուցիչներն արել են ամեն հնարավորը, որպեսզի դաստիարակեն հայրենասեր երիտասարդներ: Բարի ճանապարհ եմ մաղթում մեր դպրոցի շրջանավարտներին>>- ասաց դպրոցի տնօրենը: Հուշերի գիրկն անցնելով քաղաքապետը՝ վերհիշեց, որ ինքն էլ այս դպրոցի առաջին շրջանավարտներից է: <<Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ հրավերի համար: Իմ աշխատանքի կարևոր մասերից մեկը ես համարում եմ մատաղ սերնդի դաստիարակությունը և հնարավորինս փորձում եմ աջակցել: Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ հիշարժան օրվա առիթով: Մաղթում եմ բարի երթ, երջանկություն և նորանոր բարձունքներ>>-նշեց Հակոբ Բալասյանը: Շրջանավարտների տոնական միջոցառումները շարունակվեց դպրոցի կամարներից դուրս:Շրջանավարտ. 12-րդ դասարան՝ Նորա Եղյան.- <<Տպավորությունների մասին դժվարանում եմ խոսել: Ինչ զգում եմ այսօր, դա աննկարագրելի է: Մի քիչ հուզված եմ, մի քիչ ուրախ: Այսօր հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի դպրոցին: Շնորհակալ ենք մեր ուսուցիչներին, քաղաքապետին՝ մեզ աջակցելու համար և բոլորին>>: Շրջանավարտ. 12-րդ դասարան՝ Արման Եղյան.-<<Դպրոց գալը մանկուց երազանք է եղել ինձ համար, հետո արդեն դպրոցն ավարտելն էր երազանք: Ես հուզված չեմ, շատ ուրախ եմ: Շնորհակալ ենք քաղաքապետին, որ մինչև վերջ մասնակցեց մեր ցերեկույթին>>:
28.05.16. |