
Նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Կընտրվի համայնքի ղեկավար և ավագանի: Ինչպես մի շարք համայնքներ, այնպես էլ Բյուրեղավանը, կխոշորանա՝ իր մեջ ներառելով նաև Ջրաբեր և Նուռնուս գյուղական բնակավայրերը: Ըստ ԿՀԸ-ի՝ թեկնածուների գրանցման սահմանված ժամկետն ավարտվել է, և հոկտեմբերի 18-ին տրվել է քարոզարշավի մեկնարկը: Բյուրեղավան համայնքի ղեկավար առաջադրվել է մեկ թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Հակոբ Սուրենի Բալասյանը: Քարոզարշավի առաջին օրը տեղի ունեցավ Հակոբ Բալասյանի նախընտրական շտաբի բացումը: Բացումը տեղի ունեցավ մտերմիկ շրջապատում: Ներկա էին թեկնածուի հարազատները, համայնքապետարանի աշխատակազմը, ընկերներն ու համախոհները, ովքեր տարիներ շարունակ աշխատել և համագործակցել են նրա հետ: Համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանին սատարում են նաև նրա գործընկերներ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Նուռնուս համայնքի ղեկավար Մնացական Գևորգյանը և ներկայացուցիչներ Ջրաբեր համայնքից : «ԿԱՄՔ, ՆՎԻՐՈՒՄ, ԱՇԽԱՏԱՆՔ» տարիներ շարունակ այս կարգախոսով առաջնորդվող համայնքի ղեկավարը մնացել է իր պատգամին հավատարիմ և պատրաստ է շարունակել նույն ոգով: Պաշտոնական բացման պատիվը տրվեց Հայկ Եղյանին, ով հանդիսանում է Հ. Բալասյանի նախընտրական շտաբի պետը: Չնայած, որ բյուրեղավանցիները լավատեղյակ են թեկնածու, համայնքի ղեկավար Հ. Բալասյանի մարդ տեսակին ու պաշտոնավարման տարիներին նրա կատարած աշխատանքներին, այնուամենայնիվ մի փոքր անդրադարձ եղավ նրա անցած ուղուն: Մեջբերումներ ելույթներից Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյան.- «Համայնքի ղեկավար լինելը իրականում բարդ աշխատանք է ու պատվով դուրս գալը առավել դժվար: Ես համոզված եմ, երկար տարիների Ձեր փորձը, սերն ու հարգանքը բյուրեղավանցիների կողմից առաջիկայում նաև Նուռնուս, Ջրաբեր համայնքների բնակիչների կողմից կտան դրական արդյունքներ: Վստահ եմ, որ ոչ միայն Բյուրեղավանը այլ նաև այդ բնակավայրերը կշենացնեք: Բարի երթ, համոզված եմ հաղթանակը Ձերն է լինելու»: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյան.- «Ձեր առաջին ընտրությունից անցել է 9 տարի: Այսօրվա պես հիշում եմ: Մենք բոլորս հավատով Ձեր կողքին կանգնած էինք և այս տարիների ընթացքում ոչ մի հարցում հուսախաբ չեղանք: Վստահ եմ, որ այդպես էլ պիտի շարունակեք: Ձեզ հետ ենք և մեր ձայնը տալու ենք Ձեզ»: Արվեստի դպրոցի փոխտնօրեն, Բյուրեղավանի պատվավոր քաղաքացի Սիլվա Մուկոյան: Ի դեպ այս կոչմանը նրան արժանացրել է Հակոբ Բալասյանը.- «Տարիներ շարունակ մենք միասին աշխատում ենք և ես տեսնում եմ օրեցօր զարգացող Բյուրեղավանը՝մանկապարտեզ, ջրագծեր, ասֆալտապատում, ուշադրություն մշակույթին, սպորտին: Հիմա էլ հիմնանորոգվում է մշակույթի տունը: Այս ամենը Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ: Կոչ եմ անում Նուռնուսի և Ջրաբերի բնակիչներին լինեն Ձեր կողքին վստահեցնելով, որ իրենց գյուղերում կլուծվեն շատ խնդիրներ»: «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»-ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյան.- «Պարոն Բալասյան մեծագույն պատիվ է մեզանից յուրաքանչյուրի համար աշխատել այսպիսի ղեկավարի հետ: Ի դեմ ձեզ մեր կողքին կանգնած է այնպիսի մարդ, ով ապրում է բոլորիս խնդիրներով: Ես կարծում եմ, որ բոլորս միաձայն մեր ակտիվ աշխատանքով մասնակցելու ենք ընտրություններին, ձայն տալով մեր կողմից սիրված, հարգված պատվարժան թեկնածուին»: Շատերը խոսեցին ու միայն դրական կարծիքներ հնչեցրին Հակոբ Բալասյանի մասին: Թեկնածուն էլ իր հերթին վստահեցրեց.- « Համայնքների խոշորացումը, որն իրականացվում է մեր հանրապետությունում, կարևոր ծրագիր է: Ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակելու եմ աշխատել. հանուն արդեն ընդհանուր համայնքի, նկատի ունենալով Նուռնուս, Ջրաբեր համայնքները: Իմ աշխատանքի ու թիմի շնորհիվ է, որ տեսանելի են կատարված աշխատանքները: Ինչ արվել է, սիրով է արվել ու իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ աջակցել: Առաջիկայում դժվարություններ լինելու են հաստատ, բայց ես վստահ եմ, որ դրանք ևս տանելու ենք հանգիստ ու միասնական աշխատանքով»:
20.10.17 |