ՓՈՔՐԻԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ Տպել

Այսօր Տարեցների միզազգային օրն է: 1990թ-ի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից այն հռչակվել է ծերերի օր: Սկզբնական շրջանում այն նշվում էր միայն Եվրոպայում, իսկ այժմ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Ավանդույթի համաձայն, կովկասյան ժողովուրդները մեծարել են իրենց ծերերին առանձնահատուկ ուշադրությամբ և հարգանքով: Հայը միշտ ջերմ վերաբերմունք է դրսևորել ծնողի, տարեցի նկատմամբ իբրև ընտանիքի սույն, իբրև սկիզբ, հայոց տան պահապան: Հին հայկական ընտանիքներում բոլորը հաշվի են առել տան մեծի խոսքը` առաջնորդվելով նրա խորհուրդներով: Բոլոր օրերը տոն են, երբ մեր կողքին են մեծերը: Նրանց սոցիալական վիճակը անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դեռևս լիարժեք լուծված չեն տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Տարեց մարդկանց միջազգային օրը, ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր ծերերին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու,որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն հոգատարությամբ: Նշենք, որ 2010թ-ի տվյալներով, Հայաստանի բնակչության 14,6% տարիքը 60 և անցն է: Բյուրեղավանի քաղաքապետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համայնքի մեծահասակներին: Արդեն մի քանի տարի քաղաքում կա մի վայր, որը նախատեսված է տարեցների համար`կազմակերպելու իրենց ժամանցը: Հոկտեմբերի 1-ին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի անմիջական նախաձեռնությամբ այդ վայրում կազմակերպել էր միջոցառում, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց քաղաքապետի հարգանքը դեպի տարեցները: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Բորիկ Դավթյանը համայնքի ղեկավարի անունից շնորհավորեց ներկաներին և հղեց իր բարեմաղթանքները: Ի պատասխան նման վերաբերմունքի, ծերունիները ևս հայտնեցին իրենց երախտագիտությունը: 75 ամյա Վլադիմիր Խաչատրյանը հպարտությամբ է նշում,որ ավելի քան 55 տարի ապրում է Բյուրեղավանում: Նախկին վարորդը իրեն համարում է քաղաքի հիմնադիրներից մեկը: Վլադիմիր հայրիկը ուրախությամբ նշեց, որ քաղաքը օրեցօր շենանում,գեղեցկանում է ղեկավարների սրտացավ աշխատանքի շնորհիվ: Հայրենական պատերազմի վետերան` 84 ամյա Դորիկ Գրիգորյանը, Բյուրեղավանը համարում է օրինակելի համայնքներից մեկը: Այստեղ ապրած 8 տարիների ընթացքում նա նկատել է, որ հարգանքով են վերաբերվում տարեցներին, քանի-որ ցանկացած հարցով քաղաքապետարան դիմելիս ստանում են սպառիչ պատասխան: Կիսում ենք ծերերի ուրախությունը և շնորհավորում միջազգային օրվա առթիվ: Ցանկանում, որ մեծարվեն ու հարգվեն և որ ամենակարևորն է` իրենց կենսափորձով ու իմաստությամբ ճանապարհ հարթեն գալիք սերունդների համար:

01.10.12