Արհեստագործական ուսումնարան Տպել

«Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ն ունի մոտ 40 տարվա պատմություն: Դեռևս խորհրդային տարիներին ուսումնարանն ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Ուսումնարանը հիմնադրվել է 1974թ-ին որպես Բյուրեղավանի մասնագիտական տեխնիկական թիվ 51 ուսումնարան: 2001թ. այն վերանվանվել է Բյուրեղավանի թիվ 51 ավագ դպրոց, իսկ 2006թ-ից՝ Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան: Մինչև 2011թ-ի նոյեմբեր ամիսը ուսումնարանը գտնվում էր Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ, այնուհետև ՀՀ կառավարության որոշմամբ անցնում է ՀՀ ԿԳՆ-ը: Չնայած վատ շենքային պայմաններին, այնուամենայնիվ ուսումնարանը շարունակում է աշխատել, ուսանողներին տալով մասնագիտական որակավորում: Այս ուսումնական հաստատությունում սովորողների թիվը 135 է, նախորդ տարիների համեմատ նկատվել է դիմորդների աճ, ինչը պայմանավորված է դասավանդվող մասնագիտությունների ավելացմամբ: Այսօր ուսումնարանում դասավանդում են հետևյալ մասնագիտությունները. տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ ավտոմեքենաների նորոգման փականագործ, վարսավիրական արհեստ, որակավորումը՝ վարսահարդար, կարի արտադրության տեխնոլոգիա, որակավորումը՝ դերձակ, հաշվետարություն, որակավորումը՝ հաշվետար, համակարգիչների շահագործում, որակավորումը՝ համակարգիչների օպերատոր: Կրթօջախում ուսանում են ոչ միայն բյուրեղավանցիներ, այլ նաև հարակից համայնքներից՝ Աբովյանից, Նուռնուսից, Արզնուց: Տնօրեն՝ Հենզել Հարությունյանն ուսումնական հաստատությունում աշխատում է 1983թ-ից: Սկզբում փոխտնօրեն, 1991թ-ի մայիսից տնօրեն: Byureghavan.am -ին տված հարցազրույցի ընթացքում նա ասաց. «բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, առաջնահերթ շենքի հիմնավերանորոգման հարցն է: Տարիների ընթացքում կատարվել են մասնակի վերանորոգումներ, առկա է տանիքի խնդիրը: Այս հարցով դիմել ենք ԿԳՆ, որը լուծում դեռ չի տվել»: Հենզել Հարությունյանը խոսելով դժվարություններից, ներկայացրեց մեկ այլ կարևոր խնդիր. «Ունենք մասնագիտական գրականության պակաս, եղածը շատ հին է: Դասախոսները գրականության պակասը լրացնում են ինտերնետի միջոցով: Չունենք լաբորատոր սարքավորումներ, մեծ է նյութատեխնիկական բազայի խնդիրը»: Դժվարությունների հետ մեկտեղ ուսումնարանը ունի ձեռքբերումներ՝ շենքի օգտագործվող մասնաշենքը գազաֆիկացված է: Դասասենյակները տաքացվում են գազի վառարաններով: Ուսանողները ետ չեն մնում, թե՛ քաղաքային, թե՛ մարզային միջոցառումներից: Մասնակցում են և գրանցում հաջողություններ: Ուսումնարանի ուսանողներ՝ Անդրանիկ Վերդյանը և Մայրանուշ Հայրապետյանը ապրիլի 25-ին կմասնակցեն «Ուսանողական գարուն 2013» փառատոնին: Մայրանուշը հանդես կգա ասմունքով, իսկ Անդրանիկը սրինգ երաժշտական գործիքով: «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան»-ն առաջիկայում բացելու է նոր բաժին` հասարակական սնունդ` խոհարարի որակավորմամբ: Պատրաստվում է ավարտական քննություններին: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատությունն ունենում է մոտ 50 շրջանավարտ:

25.04.13.