Հրաժեշտ Այբբենարանին Տպել

Ամեն տառը մի մանչուկ է դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել է 1-ին դասարանցու թոթովանքին ու հնչում է մաքուր հայերենը: Բյուրեղավան քաղաքի հիմնական դպրոցում ուսումնական տարվա սկզբին ձևավորվել է չորս 1-ին դասարան: Շուտով կավարտվի ուսումնական տարին և փոքրիկներն արդեն տառաճանաչ են: Այսօր մանուկները հրաժեշտ են տալիս այբբենարանին, նրանց ոգևորությունը մեծ է, իսկ ուսուցիչներն ու ծնողները` հուզված: Հիմնական դպրոցի 1-ին «ա» և 1-ին «գ» դասարանի աշակերտներն Այբբենարանի հրաժեշտի հանդեսին ներկայացան բարձր գիտելիքներով: 1-ին «ա» դասարանի դասվար Թեհմինե Հայրապետյանն իր մանկավարժական աշխատանքում վեցերորդ սերունդն է, որ գրել ու կարդալ է սովորեցնում: 16 տարվա մանկավարժն ամեն անգամ այսօրը խորը հուզմունք է ապրում, որովհետև յուրաքանչյուր երեխա տարբեր է ու յուրովի: 1-ին «գ» դասարանի 33 աշակերտ դասվար Գոհար Մաղաքյանի շնորհիվ արդեն գրաճանաչ է: Նրա 27 տարվա մանկավարժական փորձը, հնարավորություւն է տալիս միջոցառմանն ամեն անգամ ներկայանալ հայեցի ու գեղեցիկ սցենարով: Երկու դասարաններն էլ Այբբենարանի հանդեսին ներկայացան հրաշալի, բոլորը հիացած էին: Միջոցառման ընթացքում հնչում էր մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգը: Շքեղ, գունավառ, ոգևորիչ հանդես էր: Ամիսներ շարունակ փոքրիկները տիրապետեցին յուրաքանչյուր տառի գրությանը, սովորեցին գրել ու կարդալ: Հանդեսին ներկա էին դպրոցի ղեկավարները, քաղաքապետարանից ներկայացուցիչներ և ծնողներ: Տնօրեն Մերի Սարգսյանը ուսումնական գծով փոխտնօրեն Ջուլիետա Ասատրյանը հիացած էին միջոցառման մտահղացումներով և ոգևորված երեխաների ելույթներով: Նրանք շնորհակալություն հայտնեցին դասվարներին այս ամենը կազմակերպելու համար: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նվարդ Ալավերդյանը քաղաքապետ Հակոբ Բալասյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց մանկավարժներին հայրենանվեր աշխատանքի համար և շնորհավորեց առաջին դասարանցիներին տառաճանաչ դառնալու կապակցությամբ:

02.05.13.