120 առաջին դասարանցի Print

Սեպտեմբերի 1-ը Բյուրեղավանի հիմնական դպրոցում առավել տոնական և ուրախ գույներ էր ստացել: Գիտելիքի օրվա առթիվ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքապետարանի աշխատակիցների հետ, այցելել է հիմնական դպրոց և անձամբ շնորհավորել մանկավարժներին, դպրոցականներին՝ հատկապես առաջին դասարանցիներին. «Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Թող ուսումնառության տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն Ձեզ համար: Մաղթում եմ բոլորիդ արգասաբեր ուսումնական տարի և հաջողություն»: Սեպտեմբերի 1-ի, առաջին զանգը բոլորիս համար յուրահատուկ, գեղեցիկ և անկրկնելի օր է: Հանդիսավոր միջոցառման ընթացքում հնչեցին բարի մաղթանքներ, դպրոցի աշակերտներն արտասանեցին ու երգեցին: Հիմնական դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանը ողջյունեց և շնորհավորեց իր աշակերտներին. «Մեր երկրի ապագան կախված է ձեզանից, մեր նոր սերունդից: Ուստի հորդորում եմ ձեզ` սովորեք, գիտելիքներ ձեռք բերեք, որոնք կօգտագործեք մեր ապագա հայրենիքը հզորացնելու, շենացնելու համար»: Այս տարի հիմնական դպրոցում ձևավորվել է 4 առաջին դասարան թվով՝ 120 աշակերտ: Նախորդ տարվա համաեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է, իսկ ընդհանուր աշակերտների թիվն ավելացել: Համայնքի ղեկավարը հանդիպեց նաև ավագ դպրոցի և նախակրթարանի ուսուցիչների հետ: Հանդիպման ընթացում քննարկեցին նոր ուսումնական տարվա ծրագրերի և հետագա անելիքների մասին:

02.09.13.