Մարզական փառատոն Բյուրեղավանում Տպել

Մեր հանրապետությունում վերջին տարիներին մասսայական սպորտի միջոցառումների անցկացումը դարձել է բարի ավանդույթ: 2004թ-ից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունն իրականացնում է մարզային փառատոն` հանրապետության 48 համայնքներում և Արցախում: Սեպտեմբերի 12-ին Բյուրեղավանի մարզադաշտում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին հյուրեր ՀՀ օլիմպիական կոմիտեից և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունից: Մարզական փառատոնը բացեց Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Նա կարևորելով միջոցառման նպատակը, ողջունեց և հաջողություններ մաղթեց մասնակիցներին: Ի դեպ, քաղաքապետն ակտիվ աշխատանք է իրականացնում քաղաքում մարզական կյանքը ապահովելու գործում: Մարզական փառատոնին մասնակցում էին 200-ից ավելի պատանի մարզիկներ Բյուրեղավանից, Աբովյանից, Նուռնուսից և Արզնիից: Ներկայացվեց 7 մարզաձև՝ բազկամարտ, կշռաքարի բարձրացում, մինի ֆուտբոլ, նարդի, շախմատ, ըմբշամարտ, կրոսավազք: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը փաստեց. «Բյուրեղավանում մարզական կյանքը լավ հիմքերի վրա է: Այստեղ հաճախակի են կազմակերպվում տարբեր մրցաշարեր: Առողջ ապրելակերպի գաղափարը քաղաքում մշտապես առկա է և դրա վառ ապացույցը բյուրեղավանցի Եղյանների ընտանիքի հաղթանակն էր «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցաշարում»: Մարզական փառատոնը Բյուրեղավանում անցավ ակտիվ և գրանցվեցին բարձր արդյունքներ: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ հաղթողներին դրամական պարգևներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից:

13.09.13.