Լրացավ մանկապարտեզի 100 օրը Տպել

Սեպտեմբերի 19-ին լրացավ Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի 100 օրը: Մանկապարտեզում երեխաների առօրյան հագեցած է ու բազմազան: Անցած 100 օրերի ընթացքում մանկական կրթօջախում գրանցվել են հաջողություններ: Դրա վառ ապացույցը ծնողների գոհունակությունն ու շնորհակալությունն է ուղղված տեղական իշխանություններին, մանկապարտեզի կոլեկտիվին: «Արև» մանկապարտեզի հանդեսը նվիրված էր գործունեության 100 օրվան: Միջոցառմանը հյուրընկալվել էին Բյուրեղավանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Խմբի դաստիարակ Լուսինե Գրիգորյանի մեծ աշխատանքի շնորհիվ փոքրիկները ոգևորությամբ էին պատրաստվել հանդեսին: Ավագ խմբի 32 սաներ ներկայացան ուրախ երգերով, գեղեցիկ պարային կատարումներով ու բանաստեղծություններով: Փոքրիկները ելույթ ունեցան առաջին անգամ` գովերգելով հայրենիքը, մայրիկին և հարազատ քաղաքին: Տնօրենն ու մանկավարժական անձնակազմը մեծ կարևորություն են տալիս երեխաների հետ պարբերաբար տարվող աշխատանքներին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երեխաների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակությանը: Հանդեսն ավարտվեց ծնողների ծափողջույններով, շնորհակալական խոսքով և հիացած հայացքներով: Տնօրեն Էլինա Հայրապետյանը շնորհավորելով ներկաներին ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում իմ կոլեկտիվին, որ այս կարճ ժամանակահատվածում երեխաներին կարողացան տալ այնպիսի գիտելիքներ, որոնք այսօր հանձնեցին ձեր դատին: Տա Աստված նրանց կյանքի բոլոր օրերը անհոգ և ուրախ լինեն»: Լուսավոր դահլիճում իշխում էր բարձր տրամադրությունը: Բյուրեղավանցիներն այս պահին երկար են սպասել, վերջին տարիներին չունենալով մանկապարտեզ զրկված են եղել այսպիսի հանդեսներից: Տեղական իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո «Արև» մանկապարտեզը շարունակում է առաջ գնալ և դրա վառ ապացույցն այսօրվա հանդեսն է: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նվարդ Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ծնողների համագործակցությունը մանկավարժների հետ. «Քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում այսպիսի արդյունքներ ունենալու համար: Դա մեծագույն նվիրումի և տքնաջան աշխատանքի շնորհիվ է: Կոլեկտիվին ցանկանում եմ անսպառ ուժ և եռանդ: Թող մեր մանուկները մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ և շրջապատված լինեն ջերմությամբ»:

19.09.13.