Չեն մոռացվում… Տպել

ԲՀԿ խմբակցության կանանց խորհրդի անդամները՝ տիկին Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին Բյուրեղավանի քաղաքապետարան: Նրանց ընդունեց համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Բյուրեղավանում բնակվող Սումգայիթից բռնագաղթած ընտանիքները մշտապես գտնվում են առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի աշխատասենյակում հյուրերը հանդիպեցին սումգայիթցիների 9 ընտանիքների հետ, ովքեր 16 հոգի էին: Նրանք տիկին Ծառուկյանից ստացան նվեր գումարի տեսքով: 26 տարի է անցել սումգայիթյան դաժան ողբերգությունից: Ներկաներից յուրաքանչյուրը սրտի ցավով ու կսկիծով է հիշում այդ օրերը: Տիկին Ծառուկյանը նրանց հոգու տոկունություն ցանկացավ. «Ես շնորհակալ եմ Աստծուց, որ նորից Ձեզ հանդիպում եմ: Երբեք չհուսահատվեք, զինվեք համբերությամբ ու լավատեսությամբ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից սրտանց ընդունեք այս փոքրիկ նվերը: Սա օգնություն չէ, սա նվիրատվություն է»: Սումգայթցիներն իրենց շնորհակալությունը հայտնեցին նախաձեռնության և իրենց մշտապես հիշելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ տիկին Ծառուկյան, որ կիսում եք մեր վիշտը և մեզ պահում ուշադրության կենտրոնում: Շնորհակալություն և առողջություն Ձեզ»-ասաց բռնագաղթած Ռոման Թովմասյանը: Հանդիպման վերջում քաղաքապետ Հակոբ Բալասյանը բռնագաղթածների և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց այս և այլ հարցերում համայնքին աջակցելու համար:

28.02.14.