Հաշվետու համերգ Տպել

Հունիսի 19-ին Բյուրեղավանի արվեստի դպրոցի դահլիճում կայացավ տարեվերջյան հաշվետու համերգ: Համերգին հյուրընկալվել էր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Համերգի ընթացքում դպրոցի սաներն իրենց սովորածը ներկայացրեցին մանկավարժներին, ծնողներին, հյուրերին: Հնչեցին հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդգրկված ծրագիրը հնարավորություն տվեց միջոցառման մասնակիցներին ծանոթանալու կոլեկտիվի կատարած մեծ աշխատանքին, որի շնորհիվ դպրոցի սաները ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակցել են տարբեր մրցույթների, փառատոնների, ստացել բազմաթիվ մրցանակներ, պարգևներ, պատվոգրեր: Դպրոցը աջակցել է նաև քաղաքապետարանի կողմից անցկացված մշակութային միջոցառումներին: Բոլորովին վերջերս դպրոցի աշակերտներից մի քանիսը մասնակցել են Գյումրիի «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնին և վերադարձել մրցանակներով: Համերգի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ քաղաքապետ Հ. Բալասյանը: Բարձր գնահատելով դպրոցի կոլեկտիվի աշխատանքը, քաղաքապետը մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Քաղաքապետի կողմից պատվոգրերի արժանացան դպրոցի դասատու, խմբավար Նաիրա Կարապետյանը, դպրոցի աշակերտներ Տաթևիկ և Սաթենիկ Անտոնյանները, Լուիզա Կիրակոսյանը և Հասմիկ Անդրեասյանը: Երեխաներին հաջողություններ և ուրախ ամառային հանգիստ մաղթեց տնօրեն Նարինե Զաքարյանը:

20.06.14.