«Արև»-ի առաջին շրջանավարտները Տպել

«Արև» մանկապարտեզի ավագ խմբի 31 փոքրիկների համար վերջին օրն էր սիրելի կրթօջախում: Նրանք մանկապարտեզի առաջին շրջանավարտներն են: «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդեսը տեղի ունեցավ ուրախ, հաճելի մթնոլորտում: Մանկապարտեզի դաստիարակները տնօրեն Էլինա Հայրապետյանի գլխավորությամբ մեծ աշխատանք էին կատարել ավագ խմբի երեխաների հետ, տարեվերջյան ավարտական հանդեսով ուրախացնելու իրենց ծնողներին, մանկավարժներին, հյուրերին: Փոքրիկներն այս հանդեսին պատրաստվել էին 2 ամիս: Դաստիարակ Լուսինե Գրիգորյանն ամեն ինչ կազմակերպել էր հրաշալի: Երեխաները երգեցին, պարեցին, ասմունքեցին: Ներկայացրեցին «Կիկոսի մահը» և «Պապն ու շաղգամը» հեքիաթների բեմականացումը: Փոքրիկ «արևների» հանդեսին ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Լ. Ալեքսանյանը, մշակույթի բաժնի պատասխանատու Ն. Ալավերդյանը, հիմնական դպրոցի փոխտնօրեն Թ.Հայրապետյանը, դասվարներ և տարբեր համայնքների մանկապարտեզների տնօրեններ: Դահլիճում հուզմունքը և ուրախությունը միախառնվել էին: Տնօրեն Է. Հայրապետյանն իր սիրելի սաներին շնորհավորեց, մաղթեց կանաչ ճանապարհ: Ծնողները ևս հայտնեցին իրենց երախտագիտությունը, քանի-որ նրանց փոքրիկներն արդեն գիտելիքների մեծ պաշարով հաճախելու են դպրոց: Հանդեսի ավարտին մանկապարտեզի սաները տնօրինության կողմից ստացան նվերներ` գրենական պիտույք, ավարտական հուշալբոմներ և վկայականներ:

02.07.14.