Քաղաքի օրը Печать

Օգոստոսի 17-ը բյուրեղավանցիների համար տոնական էր: Քաղաքը նշում էր իր ծննդյան օրը: 69 տարի Բյուրեղավանը քաղաքը ծննդյան օր չի ունեցել: 2013թ-ի մարտ ամսին քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարի օգոստոսի երրորդ կիրակին` Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նշվելու է նաև քաղաքի օրը: Բյուրեղավանում նոր կառուցվող եկեղեցու հարակից տարածքում հավաքվել էր բնակչությունը՝ միասին նշելու քաղաքի օրը, որ կազմակերպել էր քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հակոբ Բալասյանի անմիջական գլխավորությամբ: Տանտիրոջ իրավունքով միջոցառումը բացեց քաղաքապետ Հակոբ Բալասյանը. <<Շնորհավորում եմ Ձեզ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս օրն ավանդույթ դառնա: Բոլորս ապրենք բարեկեցիկ կյանքով և խաղաղ երկրում: Ծաղկի'ր, շենացի'ր, դարձի'ր նախկին արդյունաբերական հզոր ու շեն քաղաքը>>: Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օրհնվեց մատաղը և խաղողը, որը բաժանվեց ներկաներին: Բարձր տրամադրությունը համակել էր բոլորին, բոլորի մաղթանքը մեկն էր՝ քաղաքին ամրություն ու բարգավաճում: Բնակիչները շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին, քաղաքապետին: Բյուրեղավանցիներին ողջյունելու էին եկել ճանաչված ու սիրված երգիչներ` Գրիգոր Համբարյանը, Ռուզան Ավետիքյանը, Նարեկ Բավեյանը, Էմմին և մեր համաքաղաքացի Ռուբեն Իշխանյանը, ովքեր իրենց կատարումներով ներկաներին հաղորդեցին ուրախ տրամադրություն: Այսուհետ այս տոնակատարությունը կնշվի ամեն տարի, իսկ 70-ամյակին, որ կնշվի 2015 թվականին, քաղաքի ղեկավարները վստահեցնում են, որ սպասվում է շքեղ տոնակատարություն: Շնորհավոր տարեդարձդ, Բյուրեղավան:

17.08.14.