Ի վերջո, որ մարմինն է լուծելու այս հարցը Print

Բյուրեղավանի քաղաքապետարանի 2015 թվականի աշխատանքային ծրագրով համայնքում կատարվել են ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելու համար համայնքի բյուջեից ծախսվել է 21 միլիոն 500 հազար դրամ: Աշխատանքները կատարվել են քաղաքի կենտրոնական և հիմնական փողոցներում, շենքերի բակերում: Ընդհանուր հաշվով, այս տարի վերանորոգվել է 2612 քմ տարածք: Օրերս Բյուրեղավանի Վ. Սարգսյանի անվան փողոցում պայթել էր ջրի խողովակը, որի պատճառով ջրամատակարար ընկերության` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈւ «ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ի «ԱԲՈՎՅԱՆ» տեղամասի աշխատակիցները քանդել էին նոր ասֆալտապատ փողոցը և սկսել խողովակների վերանորոգման աշխատանքները: «Byureghavan.am»-ի հարցին, թե ով է հետո ասֆալտապատում կատարելու, ջրմուղի աշխատակիցը պատասխանեց. «Իհարկե համայնքապետարանը»: Ի դեպ, գրեթե բոլոր համայնքներում քանդված տարածքի ասֆալտապատման խնդիրը լուծում են համայնքապետարանները: Քանդված փողոցների հետ կապված Բյուրեղավանի քաղաքապետարանն իր լուրջ մտահոգությունն է հայտնում ջրամատակարար ընկերություններին: Ջրատար խողովակների վթարի հետևանքով ստեղծվում է մի իրավիճակ, որի հետևանքով առաջանում է երկու խնդիր՝ անջատվում է ջրամատակարարումը և ջրատար խողովակից մեծ քանակությամբ արտահոսք է լինում, որը ոչ ցանկալի հետևանքներ է ունենում: Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքապետարանն իր սուղ միջոցներով մաքրում, բարեկարգում, տեսքի է բերում քաղաքը, իսկ ջրաշինարարական կազմակերպություններն այն քանդում են: Խնդիրը լուծելու հարցում համայնքի ղեկավարները հնարավորինս ընդառաջում են, սակայն ջրամատակարար ընկերությունները վերանորոգման աշխատանքներից հետո ասֆալտը քանդած թողնում և հեռանում են, իսկ հետևանքներն արագ վերացնելու համար համայնքապետարանին չի բավարարում ժամանակն ու միջոցների սղությունը:

21.08.15.