Պարգևատրվեց 21 մարզիկ Տպել

Սեպտեմբերի 16-ին Բյուրեղավանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մարզական փառատոնը: Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ բացման արարողություն, որին ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանի գլխավորությամբ, մարզադպրոցի, ավագ և հիմնական դպրոցների ներկայացուցիչներ: Մինչ այսօր փառատոնի շրջանակներում անցկացված մարզական խաղերին իրենց մասնակցությունն են բերել բյուրեղավանցի հազարավոր մարզիկ-մարզուհիներ: «Այս տարի մասնակից մարզիկների թիվը անցնում է 300-ից, իսկ դա նշանակում է, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ: Մարզիկները շատ ակտիվ են, արդյունքները՝ բավարար»,- ասում է Բյուրեղավանի «Մարզամշակութային կենտրոնի» տնօրեն Էդիկ Պիճիկյանը: Փառատոնի ծրագրով նախատեսված սպորտային խաղերի ցուցակը հետևյալն էր` կշռաքարերի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային «Կոխ» ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և վազք՝ 1000 մետր մարզաձևերից: Մասնակցում էին քաղաքի հիմնական, ավագ դպրոցների, մարզադպրոցի, պետական արհեստագործական ուսումնարանի սաները: Բարձր արդյունքներ գրանցվեցին կրոսավազքից: 21 մարզիկ պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ հաղթողները` մրցանակներով:

17.09.15.