Բացվեց շախմատի դպրոց Տպել

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը որդեգրել է մի քաղաքականություն, համաձայն որի, շախմատը պետք է մասսայականացվի քաղաքում: Այդ նպատակով Բյուրեղավանում բացվեց շախմատի դպրոց, որտեղ սովորելու հնարավորություն կունենա 200 երեխա: Շախմատի դպրոցի բացմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Կոտայքի մարզի շախմատային ֆեդերացիայի նախագահ Արամ Հարությունյանը, փոխնախագահ Նաիրա Մովսիսյանը, պաշտոնատար անձիք և համայնքի ներկայացուցիչներ, ովքեր սիրում են շախմատ խաղալ: Քաղաքապետարանի միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել համապատասխան գույք: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի խոսքերով՝ մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համագործակցության արդյունքում բացվեց այս դպրոցը, որտեղ երեխաներն անվճար կսովորեն շախմատ: Նա նաև վստահեցրեց, որ դպրոցի բացմամբ զգալիորեն կավելանա շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Սմբատ Լպուտյանը դատարկաձեռն չէր: Նա դպրոցին նվիրեց ցուցադրական տախտակ, շախմատներ և էլեկտրոնային ժամացույցներ: ՀՀ շախամատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը մասնակցեց միաժամանակյա խաղ-սեանսին, որպեսզի ընտրի մասնագետի, ով կմարզի երեխաներին: Սմբատ Լպուտյանը ընդհանուր առմամբ գոհ էր. «Նկատեցի, որ այստեղ լավ երեխաներ կան ու սիրում են շախմատը: Այսօր բացվեց շախմատային մի օջախ, որը շատ երեխաների համար երազանք է: Սա նաև հնարավորություն է քաղաքը ավելի ճանաչելի դարձնելու, հետագայում հաղթանակներ գրանցելու, ինչու չէ, նաև միջազգային մրցաշարերում հանդես գալու համար: Աջակցության համար շնորհակալ ենք քաղաքապետին»: 60-ից ավել բյուրեղավանցի երեխաներ, որոնք շախմատ են սովորում Աբովյանում, այսուհետ ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում: Նրանցից շատերը հաղթանակներ են ապահովել հանրապետական մրցումներում և կարգայիններ են:

21.10.15.