Հուշամրցաշար՝ նվիրված Գոռ Մանուկյանին Տպել

Օրերս Բյուրեղավանի մարզադպրոցում կազմակերպվել էր հուշամրցաշար՝ նվիրված 28 ամյա Գոռ Մանուկյանի հիշատակին: Երիտասարդ մարզիկն այսօր մեզ հետ չէ, սակայն ընկերներն ու հարազատները չեն մոռացել նրան: Վառ ու լուսավոր երիտասարդ, ով չկարողանալով դիմադրել ծանր հիվանդությանը՝ 2014թ-ի հունիսի 1-ին հրաժեշտ տվեց կյանքին: Գոռը ընկերնեին թողել է իր կյանքի ամենավառ ու բարի հիշողությունները: Գոռ Մանուկյանի հիշատակին նվիրված սամբո ըմբշամարտի միջխաղային առաջնությանը մասնակցում էր համայնքի երիտասարդությունը: Մինչև միջոցառման սկսվելը նրանք այցելեցին գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին երիտասարդի հիշատակին: Միջխաղային առաջնությանը մասնակցում էին 96 մարզիկ–մարզուհիներ, ովքեր հանդես էին գալիս տարբեր քաշային կարգերում: ՀՀ հիմնով բացվեց հուշամրցաշարը, այնուհետև բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Գոռ Մանուկյանի հիշատակը: Մասնակից երեխաները ոգևորված էին, նրանցից յուրաքանչյուրը Գոռի մասին իր պատկերացումներն ուներ: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը ողջունեց նախաձեռնության կազմակերպիչներին ու մասնակիցներին. «Հարգելի ներկաներ, հավաքվել ենք այստեղ, որպեսզի հավերժացնենք Գոռ Մանուկյանի հիշատակը: Ինչ խոսք, խրախուսելի է ընկերների նախաձեռնությունը, իսկ գաղափարը՝ օրինակելի: Մեր պատանի սամբիստներին մաղթում եմ հաղթանակ: Հաղթելու են բարությունն ու ընկերասիրությունը: Հաջողություն բոլորիդ»: Գոռը Մանուկյանը ծնվել է 1986թ. հունվարի 13-ին, Բյուրեղավանում: 1993-2003թթ. սովորել և ավարտել է Ս. Վարդանյանի անվան N1 դպրոցը: Դպրոցական տարիներին հաճախել է մարզադպրոց: Պարապել է կարատե, քինգ-բոքսինգ, հետո ընտրել սամբո-ըմբշամարտը: Նրա առաջին մարզիչը Հայկ Եղյանն է: Մարզվելու տարիներին մասնակցել է միջխմբային, մարզային, հանրապետական մրցաշարերի, տարել հաղթանակներ և բարձր պահել քաղաքի, մարզադպրոցի և մարզիչի պատիվը: Ներկայացնելով իր սան Գոռ Մանուկյանին, մարզիչ Եղյանը պատմեց. «Նա ճարպիկ, աչքի ընկնող, ուժեղ մարզիկ էր: Բոլոր տվյալներն ուներ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու: Հիմնականում հանդես էր գալիս 41կգ քաշային կարգում: Ընկերասեր ու մարդկային լավ հատկանիշներով օժտված երիտասարդ էր: Նրա հիշատակը վառ կմնա և հուշամրցաշարն այսուհետ կդառնա ավանդույթ»: Գոռը 2003-2005թթ. ծառայել է հայոց բանակում, զորացրվելուց հետո կրկին զբաղվել է իր սիրելի սպորտաձևով: Աշխատել է տարբեր ոլորտներում: Ամուսնացել է 2012թ-ին, ունի որդի: Հուշամրցաշարի ավարտին հաղթող մարզիկները պարգևատրվեցին Գոռ Մանուկյանի անվանական հուշամեդալներով ու պատվոգրերով: Խորհրդանշական՝ 41կգ քաշային, 12-ամյա Մարկ Մարկոսյանն արժանացավ հատուկ պարգևի: Պարգևատրումը հանձնեց Գոռի մայրը՝ տիկին Լալան: Գոռն ուներ շատ նպատակներ, որոնք չհասցրեց իրականացնել…

11.11.15.