«ԿԱՄՔ, ՆՎԻՐՈՒՄ, ԱՇԽԱՏԱՆՔ» Print

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ գործող քաղաքապետ, Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանի նախընտրական շտաբի բացումը: Համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան ապրիլի 17-ին, իսկ քարոզարշավն ըստ ԿԸՀ-ի արդեն սկսված է: Հակոբ Բալասյանի թիմը քարոզարշավին պատրաստվել է բոլոր առումներով: Հաշվի առնելով վերջին շրջանում շփման գծում իրականացվող պատերազմական գործողությունները՝ Հակոբ Բալասյանը նախընտրական քարոզարշավը հետաձգեց, քանի- որ բոլորը լծված էին սահմանին կանգնած զինվորին օգնելու և սատարելու գործին: Բացումը տեղի ունեցավ շատ համեստ: Ներկա էր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, թիմակից ընկերներ, աշխատակիցներ, կրթության, մշակույթի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, բնակիչներ: Մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք այն բոլոր զոհված զինվորների, ովքեր այս օրերին իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շտաբի պետ Հայկ Եղյանը ներկայացնելով համայնքի ղեկավարի թեկնածուին նշեց. << Հակոբ Բալասյանին բոլորս ենք ճանաչում, բոլորս գիտենք նրա կենսագրությունն ու անցած ճանապարը: 8 տարի աշխատում է համայնքի ղեկավար և այդ 8 տարիների ընթացքում մեծածավալ շատ աշխատանքներ են կատարվել՝ փողոցների ասֆալտապատում, գիշերային լուսավորություն, շուրջօրյա ջրամատակարարում, ամենօրյա ուշադրություն և աջակցություն մատաղ սերնդի կրթությանն ու ֆիզիկական դաստիարակությանը, որի վառ ապացույցը մոտ օրերս Ֆրանսիայում կայանալիք սամբո-ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մեր աղջիկների մասնակցության հովանավորումը>>: <<ԿԱՄՔ, ՆՎԻՐՈՒՄ, ԱՇԽԱՏԱՆՔ>>՝ ահա այս կարգախոսով արդեն 3-րդ անգամ Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանը մասնակցում է ընտրություններին: Թեկնածուն, բացի կատարված բազմաթիվ աշխատանքներից, ունի նաև ծրագրեր, որոնք ընտրվելուց հետո կյանքի պիտի կոչվեն՝ մշակույթի տան հիմնանորոգում, 1-ին թաղամաս տանող ճանապարհի բարեկարգում: Առաջնահերթ խնդիր է նաև <<Հայրենադարձ>> թաղամասի ոռոգման ջրի ապահովումը, ավարտին հասցնել կառուցվող եկեղեցին և այլ շատ ու շատ հարցեր: Իր խոսքում Հակոբ Բալասյանը նշեց, որ քաղաքային տնտեսության մեջ այս տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծվել են: Արվել ու կատարվում են են քաղաքի համար բոլոր կարևոր աշխատանքները: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ այդ ամենի հիման վրա ապահովվի քաղաքի բարեկարգումը, ունենանք լիարժեք նորոգված բակեր ու ճանապարհներ, ապահովենք Բյուրեղավանի արտաքին, կանաչապատ գեղեցիկ տեսքը և սերունդներին փոխանցենք հրաշալի քաղաք: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ իր գործընկերոջը հաջողություններ ու հաղթանակ մաղթեց վստահեցնելով, որ Հակոբ Բալասյանը մրցակից չունի քանի, որ նա բյուրեղավանցու հետ է և միասին հասնելու են առավելագույնի: Հարազատ ու հարևան, դասընկեր ու գործարար, ավագանու անդամներ և քաղաքը սիրող անհատ բյուրեղավանցիներ, նրանք միասին քաջալերեցին համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանին և հաղթանակ մաղթեցին:

09.04.16.