«Առակներն ուսուցանում են» Տպել

Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը միասնական է և ուժեղ՝ նաև հավատքով: Այս օրերին դպրոցներում կազմակերպվում են հայրենասիրական և հոգևոր թեմաներով տարբեր միջոցառումներ, ինչն աշակերտների մեջ էլ ավելի է ամրապնդում այդ երկու արժեքների կարևորությունը: Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի միջոցառումը ներարկում էր հենց հոգևորը: Միջոցառումը, որը կրում էր «Առակներն ուսուցանում են» խորագիրը, կազմակերպել էր Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նազիկ Ուզունյանը, մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները: Նպատակը՝ պարզ օրինակներով բացատրել աստվածային ճշմարտությունները: Շատ կարևոր է իմանալ ոչ միայն այդ առակների բովանդակությունը, այլև այսօրվա իրականության մեջ տեսնել մեզ ուղղված նրանց հոգևոր խորհուրդը: Միջոցառումը սկսվում էր «Փարիսեցու և մաքսավորի առակ»-ից և ավարտվում «Հիսուս Քրիստոսի-լեռան քարոզով»: Չնայած, որ աշակերտները կարճ ժամանակահատվածում էին պատրաստվել, սակայն կարողացան այն մատուցել հրաշալի կերպով: Հրավիրված էր Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համադասող Ջուլիետա Ասատրյանը: Նա իր խոսքում նշեց. «Մեծ բավականություն ստացա, կարծես տաճարում լինեինք և ոչ թե դահլիճում: Հրաշալի միջոցառում էր»: Տնօրեն Կարինե Խաչիկյանն էլ նշեց. «Առակներն ուսուցանում են միմյանց նկատմամբ ազնվություն ու մաքրություն, ինչպես նաև սեր, հավատք, ինչն այս օրերին մեզ շատ է հարկավոր»: Ավարտին աշակերտները տերունական աղոթքն արտասանելով դահլիճից դուրս եկան և մոտեցան դպրոցի ճեմասրահում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտին, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

21.04.16.