Մահացել է «ԱՄԵՆԱԲԺԻՇԿԸ» Տպել

Նրա կյանքը դաժան փորձությունների, տառապանքների շղթա է, բայց նաև արարումների, հաղթանակների զարմանալի պատմություն: Մանկատանից մինչև Բյուրեղավանի հիվանդանոց:  Արցախյան պատերազմից մինչև մեր օրեր:  Բժշկի երկարամյա աշխատանքն անգնահատելի հետք է թողել Բյուրեղավանի  առողջապահության համակարգի զարգացման գործում: Նոյեմբերի 11-ին կյանքից հեռացավ մեծատառով ՄԱՐԴ ու ԲԺԻՇԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, մեր համայնքի «ԱՄԵՆԱԲԺԻՇԿԸ»:

Ծնվել է 1929թ Ճամբարակում: Ճակատագրի բերումով հինգ տարեկանից քրոջ և եղբոր հետ հայտնվել է Գավառի մանկատանը: 1940թ եղբոր հետ տեղափոխվել է Երևան: Յոթնամյա կրթություն ստանալուց հետո սկսել է աշխատել: 1947թ ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկում: Ուսմանը զուգահեռ աշխատել է, այնուհետև մեկնել Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ֆարմացեպտիկ ինստիտուտը: Երկու տարի անց, ուսումը կիսատ թողելով, վերադարձել է Հայաստան` խնամելու հիվանդ մորը: Մոր մահից հետո 1955թ ընդունվել է Երևանի  բժշկական ինստիտուտ: Ուսման տարիներին զուգահեռ աշխատել է հոգեբուժական հիվանդանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Գեղաշենում: 1972թ նշանակվել է Արզնի ավանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Անդրանիկ Պետրոսյանը  38 տարի աշխատել է Բյուրեղավանի հիվանդանոցում: 2003թ ստացել է Բյուրեղավանի պատվավոր քաղաքացու կոչում:  Վաստակաշատ բժիշկը, անգամ թոշակի անցնելուց հետո, շարունակել է օգտակար լինել հասարակությանը,  բժշկել  մարդկանց: Մահացել է 2016թ-ի նոյեմբերի 11-ին՝  87 տարեկան հասակում:

Բժիշկ Պետրոսյանը Բյուրեղավանի հիվանդանոցում  սկզբնական շրջանում աշխատել է մենակ, այն ժամանակ դեռևս հաստիքներ չկային: Աշխատանքային տարիների ընթացքում ամեն տեսակի բժշկական միջամտություն արել է` ներսրտային ներարկումներից մինչև ծննդօգնություն: Բյուրեղավանում բոլորն են ճանաչում «ամենաբժշկին»: Բյուրեղավանցիների այսօրինակ վստահությունը բժշկի երկար տարիների աշխատանքի և հոգատարության արդյունքն է: Հազարավոր մարդիկ, որ եկել էին վերջին հրաժեշտը տալու, խոսում է նրա վաստակած մեծ հարգանքի և հեղինակության մասին: Նրա մարդկային կերպարը միշտ թարմ է մնալու մարդկանց հիշողության մեջ: Բժիշկի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Նրա նախաձեռնությամբ առաջիկայում պատրաստվում են ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել  ի պատիվ Անդրանիկ Պետրոսյանի «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան» անվանակոչելու հարցը:

14.11.16.