Արժանի մարդուն՝ արժանի պատիվ Print

Դեկտեմբերի 21-ին Բյուրեղավանի պատվավոր քաղաքացի, բյուրեղավանցիների սիրելի բժիշկ Անդրանիկ Պետրոսյանը կդառնար 87 տարեկան: Մարդ, ով իր կյանքի 40 տարիները նվիրել է Բյուրեղավան համայնքի առողջապահությանը զարգացմանը: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը գնահատելով նրա երկար տարիների աշխատանքը, որոշում է. Արժանավոր մարդուն արժանի պատվի արժանացնել: Նոյեմբերի 21-ին համայնքի ավագանու N 99-Ա՝ որոշմամբ «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը անվանակոչել բժիշկ Անդրանիկ Պետրոսյանի անվամբ: Որոշումն ընդունվում է միաձայն: Դեկտեմբերի 21-ի առավոտը Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի բակը մարդաշատ էր: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ հավաքվել էին մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել բժշկի հետ: Տեղի է ունենում Անդրանիկ Պետրոսյանի անվամբ հուշատախտակի բացման արարողությունը: Հրավիրված էին Պետրոսյան գերդաստանի ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, կրթօջախների տնօրեններ, բժշկի ընկերներն և պարզապես բյուրեղավանցիներ: Տանտիրոջ իրավունքով միջոցառումը բացեց «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը, ով ներկայացրեց հավաքի նպատակը: Այնուհետև ներկաներին ծանոթացրեցին բժշկի կյանքին ու գործունեությանը: Հուշատախտակի բացման պատվին են արժանանում քաղաքապետ Հ. Բալասյանը և բժշկի թոռ կրտսեր Անդրանիկ Պետրոսյանը: Քաղաքապետը Հակոբ Բալասյանը մեծ խոնարհում և հարգանք ունի բժշկի նկատմամբ: Նա իր խոսքում կարևորեց նրա մարդկային հատկանիշները. «Մեր հարգարժան բժիշկ Անդրանիկ Պետրոսյանի մասին կարելի է անվերջ խոսել: Շատ բարի ու կամեցող անձնավորություն էր, կամեցող ու անշահախնդիր: Ոչ միայն լավ բժիշկ էր, այլ նաև լավ մարտիկ: Նա եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: Շուրջ 40 տարի ծառայեց մեր քաղաքին: Բազմապրոֆիլ բժիշկը հազարավոր մարդկանց է օգնել: Այս շենքը, որտեղ հիմա մենք հավաքվել ենք, իր ջանքերով է կառուցվել: Պայքարում էր մինչև վերջ իր տեսակետների համար: Կարևորելով այս ամենը, փորձեցինք նրա հիշատակն ավելի վառ պահել: Շնորհակալ ենք, որ մեր քաղաքն ունեցել է նման բժիշկ»: Բարություն, բարություն, բարություն. սա է եղել Անդրանիկ Պետրոսյանի հավատամքը: Բժշկի թոռ Նարեկ Այվազյանը Պետրոսյաններ ընտանիքի անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց բյուրեղավանցիներին, հատկապես համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին. «Հարգելի քաղաքապետ, հարգելի ավագանի, սիրելի գործընկերներ: Մեր ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնության համար: Բոլորին հայտնի է նրա ընդգծված մարդկային հատկանիշները, որոնք դրսևորվել է կյանքի բոլոր փուլերում, որոնց ականատեսն եք եղել նաև դուք: Պապիկս ինձ համար եղել է մարդասիրության մարմնավորում: Նա շատ կապված էր Բյուրեղավան քաղաքի հետ: Մենք, որպես նրա ժառանգներ պարտավորված ենք շարունակել նրա գործը: Կրկին շնորհակալ ենք»: Բոլորը՝ հարազատները, ընկերները, բժիշկներն ու բուժքույրերը սիրով հիշում էին ու պատմում դրվագներ նրա աշխատանքային կյանքից: Պոլիկլինիկայի ատամնաբույժ Վարդան Շուշանյանն ու բուժքույր Սուսաննա Իսրայելյանը իրենց հուշերով կիսվեցին ներկաների հետ: Արտասուքն ու ժպիտը միախառնվել էին: Հուզվեցին բոլորը, երբ արվեստի դպրոցի երգիչներ Ազատ Հովհաննիսյանն ու Միքայել Խաչատրյանն իրենց հայրենասիրական կատարումը նվիրեցին լուսահոգի բժիշկ Պետրոսյանին:

22.12.16