Խաղողօրհնեքը Բյուրեղավանում Տպել

Այս տարի օգոստոսի 13-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Այս օրն ավանդույթի համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվում է Խաղողօրհնեքի կարգ: Ավանդույթը քաղաքում հիմք է դրել համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Չնայած, որ քաղաքում եկեղեցի դեռ չկա և այս պահին շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, այնուամենայնիվ մեծ տեղ է տրվում եկեղեցական տոներին ու հոգևոր ու ազգային արժեքներին: Արդեն 4-րդ տարին է քաղաքի նոր կառուցվող երեղեցու տարածքում քահանա Տեր Արսեն Համբարձումյանի ձեռամբ օրհնվում է օրվա խորհրդանիշ խաղողը և բաժանվում համայնքի հավատավոր ժողովրդին: <<Հայր մեր>> սուրբ աղոթքով սկսվեց միջոցառումը: Տեր Արսենը համայնքի բնակիչներին ներկայացրեց տոնի խորհուրդը: Այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված: Այսինքն՝ տոնի օրը կատարվում է Խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Հակոբ Բալասյանն էլ շնորհավորեց ներկաներին գեղեցիկ օրվա առթիվ, հույս հայտնեց, որ շուտով կավարտվի եկեղեցու շինարարությունը և այս տոնակատարությունն ու սուրբ պատարագը տեղի կունենա Մարիամ Աստվածածին եկեղեցու պատերի ներքո:

13.08.17