Համերգային ծրագիր զորամասում Տպել

Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի առիթով Բյուրեղավանի համայնքապետարանի ներկայացուցչական կազմը և համայնքի ավագանին, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այցելեցին Բալահովտի զորամաս: Հայ սպայի և զինվորի տոնական օրն ավելի ուրախ դարձնելու համար Բյուրեղավան համայնքը ներկայացել էր համերգային ծրագրով: Հյուրերը սպասված էին՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին և ներկայացուցչական կազմին դիմավորեց զորամասի փոխգնդապետ Արշակ Աթաբեկյանը և ուղեկցեց սրահ, որտեղ հավաքվել էին զինվորները և սպասում էին համերգին: Բյուրեղավանի արվեստի դպրոցի բազմաթիվ մրցույթների դափնեկիր ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյան, հանդես եկավ հրաշալի ծրագրով: Կայացած համերգը նախ նպաստեց ազգ բանակ կապի ամրապնդմանը, հետո արդեն զինվորների մարտական ոգու բարձրացմանը: Համերգն անցավ շատ լավ մթնոլորտում, զինվորներն անասելի ոգևորված էին, դահլիճը թնդում էր նրանց ծափողջույններից: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորեց ներկաներին հայկական բանակի կազմավորման 26 ամյակի առիթով. «Հարգելի սպաներ ու զինվորներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց փառապանծ բանակի կազմավորման և բանակի 26 ամյակի առթիվ: Դուք եք ապահովում մեր երկրի բնականոն, խաղաղ, ստեղծագործական կյանքը, տնտեսական ոլորտի զարգացումը: Դուք եք մեր թիկունքը և մեր երկրի ողնաշարը: Հպարտ ենք, որ տարածաշրջանում ամենամարտունակն ենք: Ցանկանում եմ ձեզ առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն: Բարին ձեզ հետ»: Զինվորների խանդավառությունը փոխանցվել էր հյուրերին, որն այնքան ջերմ էր ու անկեղծ: Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիկ, զորամասի հրամանատար Սուրեն Սուվարյանը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին փոխանցեց զորամասի հրամանատար , գնդապետ Ռաֆայել Շահգելդյանի ողջույնները և ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության, ինչպես նաև տոնական օրն ուրախ դարձնելու համար. «Համոզված ենք, որ մեր զինվորները ևս մեկ անգամ լիցքաթափվեցին, որից հետո ավելի բուռն կանցնեն ծառայության: Շնորհակալ ենք մեր երեխաներին, ովքեր հիանալի հանդես եկան: Նրանք են կերտելու մեր վաղվա օրը: Նման միջոցառումներն ավելի պարտավորեցնող են: Այն ամրացնում է կապը բանակի հետ: Վստահեցնում եմ, որ մենք պատրաստ ենք հակառակորդի յուրաքանչյուր քայլ հետ շպրտելու և առաջ գնալու: Մենք մեր նախնիների թողածը պինդ ենք պահելու: Մաղթում եմ խաղաղություն: Մեր զավակները պետք է ծնվեն և ապրեն խաղաղ երկնքի տակ»,-իր խոսքում նշեց փոխգնդապետ Սուվարյանը: Միջոցառման ավարտին զորամասի կողմից Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմին տրվեց պատվոգիր սերտ համագործակցության համար: ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ…

28.01.18