Մուտք
ՀայերենРусскийEnglish
Դավթյան Բորիկ PDF Տպել Էլ.փոստ

Բորիկ Լևոնի Դավթյան-ծնվել է 1942թ-ի ապրիլի 20-ին, Գորիսի շրջանի Տաթև գյուղում, քարտաշ-որմնադիրի ընտանիքում: 1947թ-ին ծնողների հետ տեղափոխվել է Քաջարան, որտեղ սովորել և ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև Քաջարանի շինարարական տեխնիկումը: 1958թ-ից սկսել է աշխատանքային գործունեությունը <<Քաջարանշին>> տրեստում, որպես բանվոր-որմնադիր: 1961-1964թթ-ը ծառայել է Խորհրդային բանակում: Ծառայության ընթացքում Օդեսայի զինվորական օկրուգից ընտրվել է ՀամԼԿԵՄ 8-րդ  կոնֆերանսի պատգամավոր: Ուշագրավ է այն հանգամանքը, որ կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր Սովետական Միության Մարշալ Համազասպ Բաբաջանյանը , ում հետ պատիվ է ունենում շփվելու և նկարվելու շարքային հայ զինվորականը: Բանակից զորացրվելուց հետո` 1964թ-ին, աշխատանքի է անցել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում` սկզբում որպես փականագործ, այնուհետև տրանսպորտային շարասյան պետ, ճոպանուղու հերթափոխի պետ: Աշխատանքային գործունեության հետ համատեղ կատարել է կոմերիտական, կուսակցական, հասարակական ակտիվ գործունեություն` որպես պատգամավոր մասնակցելով  ՀամԼԿԵՄ մի շարք կոնֆերանսների, պլենումների, համագումարների: 1970թ-ին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը: 1972թ-ին ընտանիքով տեղափոխվել է Բյուրեղավան և աշխատանքի անցել Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպես արտադրամասի պետ և արհմիության նախագահ: 1976թ-ին տեղափոխվել է ԵԲԿ 10 գործարան, որի  շինարարական աշխատանքների մասնակիցն է եղել նաև ինքը: Այստեղ ևս զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ. տեխնոլոգ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ, հիմնարկի կառավարիչ, արհմիության նախագահ: 1977թ-ին ավարտել է Մարքսիզմ- Լենինիզմի համալսարանը: 1974թ-ից մինչև 1996թ-ը անընդմեջ ընտրվել է Բյուրեղավանի ավանային և Աբովյանի շրջանային սովետի դեպուտատ,  1996-1999թթ., 2005-2008թթ.` Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ: Բարեխիղճ աշխատանքի, հասարակական, կուսակցական ակտիվ գործունեության  համար ՍՍՀՄ Գերագույն խորհրդի, Հայաստանի կառավարության կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների, շքանշանների, դրանցից`  հնգամյակի հարվածային, սոցմրցության հաղթող, աշխատանքի վետերան, Լենինի 100-ամյակի: 2008թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև այժմ աշխատում է Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմում` որպես համայնքի ղեկավարի խորհրդական: Ամուսնացած է, ունի 3 տղա, 9 թոռ:

Մեր հարցազրույցը պարոն Դավթյանի հետ.

byureghavan.am-Մարդու մեջ ամենաշատը ի’նչն եք գնահատում.

Բ.Դավթյան-Կարևորում եմ մարդկային վերաբերմունքը շրջապատի նկատմամբ:

byureգhavan.am-Ունե’ք կարգախոս, որով առաջնորդվում եք.

Բ.Դավթյան-Ամեն ինչում լինել առաջատար, հնարավորության սահմաններում օգտակար լինել մարդկանց:

byureghavan.am- Որո’նք են ձեր հաջողությունների գրավականները.

Բ.Դավթյան-Աշխատասիրությունը, մարդասիրությունը:

byureghavan.am-Ի’նչ խորհուրդ կտաք այսօրվա երիտասարդներին.

Բ.Դավթյան-Լինել հայրենասեր, չվախենալ դժվարություններից:

byureghavan.am-Հայ մարդու համար կարևոր նշանակություն ունի ընտանիքը. Ձեր կայացման գործում ի’նչ դեր է ունեցել ձեր ընտանիքը.

Բ.Դավթյան-Ունեմ հրաշալի ընտանիք, երեք լավ  տղա, լավ հարսներ, թոռներ, որոնք իմ ամենամեծ հարստությունն են: Բոլորն էլ կայացած մարդիկ են և շրջապատում մեծ հարգանք և հեղինակություն  են վայելում: Հպարտանում եմ իմ զինվոր թոռնիկով, որ այսօր պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները:

byureghavan.am-Ի’նչ կմաղթեք մեր համաքաղաքացիներին.

Բ.Դավթյան-Խաղաղություն, առողջություն, աշխատանք, բարեկեցություն…

26.10.12

 

Այցելություններ

4395281
Այսօր718
Երեկ2437
Այս շաբաթ9280
Այս ամիս43140
Ընդամենը4395281