ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անվան հուշամրցաշար Print

Ամեն տարի այս օրերին բյուրեղավանցի Գոռ Մանուկյանի ընկերները Բյուրեղավանի մարզադպրոցում կազմակերպում են հուշամրցաշար՝ նվիրված նրա վաղամեռիկ հիշատակին: Այս տարի ևս քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ հիշեցին ու մեծարեցին երիտասարդ մարզիկին, ով այսօր մեզ հետ չէ: Վառ ու լուսավոր երիտասարդ, ով չկարողանալով դիմադրել ծանր հիվանդությանը՝ 2014թ-ի հունիսի 1-ին հրաժեշտ տվեց կյանքին: Գոռը ընկերներին թողել է իր կյանքի ամենավառ ու բարի հիշողությունները: Գոռ Մանուկյանի հիշատակին նվիրված սամբո ըմբշամարտի միջխաղային առաջնությանը մասնակցում էր համայնքի ողջ երիտասարդությունը: Հուշամրցաշարին մասնակցում էին 141 մարզիկ–մարզուհիներ` Բյուրեղավանից, Աբովյանից: Այս տարի միացել էր նաև Վանաձորը: ՀՀ հիմնով բացվեց հուշամրցաշարը, այնուհետև բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Գոռ Մանուկյանի հիշատակը: Մասնակից երեխաները ոգևորված էին, նրանցից յուրաքանչյուրը Գոռի մասին իր պատկերացումներն ուներ: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը ողջունեց նախաձեռնության կազմակերպիչներին ու մասնակիցներին, բոլորին հաջողություններ մաղթեց և նշեց. «Թող հաղթի բարի կամքը»: Գոռը դպրոցական տարիներին հաճախել է մարզադպրոց: Պարապել է կարատե, քինգ-բոքսինգ, հետո ընտրել սամբո-ըմբշամարտը: Նրա առաջին մարզիչը Հայկ Եղյանն է: Մարզվելու տարիներին մասնակցել է միջխմբային, մարզային, հանրապետական մրցաշարերի, տարել հաղթանակներ և բարձր պահել քաղաքի, մարզադպրոցի և մարզչի պատիվը: Ընկերներն ասում են. «Նա ճարպիկ, աչքի ընկնող, ուժեղ մարզիկ էր»: Գոռն ուներ բոլոր տվյալները պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու, սակայն այն իրականություն չդարձավ: Հիմնականում հանդես էր գալիս 41կգ քաշային կարգում: Ընկերասեր ու մարդկային լավ հատկանիշներով օժտված երիտասարդ էր: Նրա հիշատակը վառ կմնա բյուրեղավանցիների սրտերում: Հուշամրցաշարի ավարտին հաղթող մարզիկները պարգևատրվեցին Գոռ Մանուկյանի անվանական հուշամեդալներով ու պատվոգրերով: Խորհրդանշական 41կգ քաշային մարզիկը, արժանացավ հատուկ պարգևի: Պարգևատրումը հանձնեց Գոռի մայրը՝ տիկին Լալան: Հուշամրցաշարի ավարտին Հայկ Եղյանին սպասվում էր անակնկալ: Նա ոչ միայն Գոռի մարզիչն է, այլ նաև բազմաթիվ բյուրեղավանցիների: Եվ այսօր մարզադպրոցի նախկին սամբոյի սաներն իրենց սիրելի մարզիչին հանձնեցին պատվոգիր՝ ճիշտ դաստիարակության և լավագույն մարզիկներ պարապելու համար; Մրցաշարի հատուկ հյուրերն էին Գոռի ընտանիքի անդամները և որդին՝ փոքրիկ Գուրգենը: Գուցե որդին՝ Գուրգենը, հոր՝ Գոռի երազանքներն իրականացնի…

17.10.16.