Բարիս Ղարսայան Տպել

Բարիս Ղարսայանը ծնվել է 1952թ մայիսի 1-ին Տավուշի շրջանի Այգեձոր գյուղում : Ութնամյա կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Տեղափոխվել է Չարենցավանի պրոֆտեխ ուսումնարան սովորելու: 1970-1972թթ ծառայել է Խորհրդային Բանակում` Գերմանիայում : Վերադառնալուց հետո  ամուսնացել է և տեղափոխվել Բյուրեղավան: 12 տարի աշխատել է «Բյուրեղապակի»  գործարանում որպես մեքենավար: «Հայկապշին» տրեստում ավտովարորդ էր , երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը: Շարժման առաջին օրվանից մասնակցել է  Գորիսի ,Կապանի , Նոյեմբերյանի  սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը: Այնուհետև թշնամուց  բռնագրված տարբեր զենք զինամթերքներով իր ջոկատով  վերադառնում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղ`ջոկատը համալրելով գյուղի քաջ տղաներով: Բարիս Ղարսայանը եղել է Այգեձոր գյուղի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար: 1992թ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան թուրքերը մեծ զորքով հարձակվում են Չինար գյուղի վրա: Բարիս Ղարսայանը իր ջոկատով  օգնության է հասնում Չինարի մարտիկներին , մինչև լուսաբաց  թեժ կռիվ է մղվում , արդյունքում թշնամու 43 զոհի դիմաց մենք ունենում ենք 4 զոհ , որից մեկը հրամանատարն էր ` Բարիս Ղարսայանը: Նա հեռացավ իր հետևից թողելով կնոջն ու երեք երեխաներին , որոցից փոքր որդին հաշմանդամ է: Մահվանից օրեր անց Բարիսի կինը գրում է բանաստեղծություն` նվիրելով Չինարի գյուղում զոհված Այգեձորցի 4 հայորդիներին:

Սուգ է այսօր Այգեձորում` չորս զոհ միայն մեկ օրում :

Սև շոր հագան չորս  կին , չորս մայր, չորս  լույս հանգավ մեկ օրում:

Առավոտից սոված-ծարավ, դուք գնացիք կռվելու,

Մինչև լույս դուք կռվում էիք , առանց դադար առնելու:

Աչքիդ առաջ արնաթաթախ տղաներդ ընկան ցած,

Դու գոռացիր `«Բա ինչ կասեմ Ձեր տերերին տղաներ»:

Առանց երկար մտածելու, ցավը սրտում քո որդու ,

Ընկերներիդ ցավը սրտում , անվախ ելար դու մարտի:

Դու  գիտեիր , որ գնում ես դեմ հանդիման քո մահվան ,

Դու գիտեիր քաջ ֆիդայի , հենց առաջին օրվանից:

Չթողեցիք խուժան թուրքին ոտք դնելու մեր հողին,

Ձեր սեփական կյանքով փրկիք , մի բուռ հողը հայրենի: